Տնտեսական

ԱՊՀ-ում Առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագիրը կստորագրեն հունիսին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը նախատեսում է 2023 թվականի հունիսին համաձայնագիր ստորագրել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից: «Կառավարությունների ղեկավարների առաջիկա խորհրդում՝ հաջորդ տարվա հունիսի սկզբին, այս համաձայնագիրը վերջապես կընդունվի:

Մենք այն մշակում ենք արդեն ավելի քան 11 տարի»,- ասել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ: Անֆիմովը տեղեկացրել է, որ համաձայնագրի նախագիծը «դեռ հոկտեմբերի 15-ին քննարկվել է Պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, և պետությունների ղեկավարներն իրենց կառավարություններին հանձնարարել են օպերատիվ կերպով լրամշակել այս համաձայնագիրը»:

«Համաձայնագիրը քննարկվել է Կառավարությունների ղեկավարների խորհրդի կայացած նիստում: Կարելի է ասել, որ այն գրեթե համապատասխանում է պահանջվող նորմերին, կարելի է ընդունել», – ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահը: Հոկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Մոսկվան կարևոր է համարում արագացնել Անկախ Պետությունների Համագործակցությունում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագրի ստորագրումը: Միշուստինը հիշեցրել էր, որ փաստաթուղթը կոչված է պաշտպանելու ներդրողների իրավունքները և պետությունների շահերը, ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր՝  համաշխարհային լավագույն պրակտիկաների օգտագործմամբ:

Share