Բաժին. Տնտեսական

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ կառավարության նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթի ներդրմանը, որի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ վերջինս  պարզաբանումների`փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար, և քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը։

«Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր և իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը։ Երկրորդ ուղղությունը, որն առաջարկվում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարումն է։ Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլև վերանորգման ընթացիկ վարկերին։ Երրորդ ուղղությունը կրթությունն է, չորրորդը՝ հանգիստը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Բոլոր դեպքերում մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան։ Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որևէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե՝ ոչ։ Կլինեն ստանդարտ ծրագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում նշված կլինեն բոլոր այն հաստատությունները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթության նախարարությությունը։ Էկոնոմիկայի նախարարությունըկհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների և առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները։ Բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տրվող ընկերությունների ծառայություններից։ Չորրորդ ուղղության համապատասխան՝ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատսախանում է փաթեթով նախատեսված և Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն» – ընդգծել է ֆինանսների նախարարը։ 

Նշենք, որ քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթն առնվազն կտարածվի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրա։ Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել այս փաթեթի ստեղծմանը։

Share