Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է G20-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր` նոյեմբերի 3-ին, ֆրանսիական Կանն քաղաքում իր աշխատանքներն է մեկնարկել «Մեծ քսանյակ»-ի (G20) համաժողովը, որին մասնակցում են «Մեծ քսանյակ»-ի (G20) անդամ երկրների առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները: Այս հանդիպման շրջանակներում աշխարհի առաջատար երկրների ղեկավարները կքննարկեն համաշխարհային տնտեսության ներկայիս զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան տնտեսության խթանմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու հաստատմանը: Նախատեսվում են նաև միջազգային դրամավարկային համակարգի բարեփոխումներին և միջազգային առևտրի զարգացման խնդիրներին նվիրված քննարկումներ:

Ինչպես նշել է Ֆրանսիա ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` G20-ն իր այս համաժողովի շրջանակներում առավել մեծ ուշադրություն է դարձնելու եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղիների մշակմանը:

Նշենք, որ G20-ի մասնակցում են «Մեծ քսանյակ»-ի անդամ երկրները, ՄԱԿ-ը, Համաշխարհային Բանկը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը, Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը, ինչպես նաև հրավիրված են Հունաստանը, Իսպանիան, Սինգապուրը,Եթովպիան:

Share