Տնտեսական

ՊԵԿ. Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նոր բացահայտումը

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` Գլոբինգի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում  հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:

Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով  որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share