Բաժին. Տնտեսական

ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍԱԳԱՄԱՐ» ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԸ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում այսօր` նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի բացման արարողությունը: Վերջինիս ներկա է գտնվել նաև Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը շրջել է կոմբինատում, ծանոթացել ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Նշենք, որ «Սագամար» ՓԲԸ-ի շինարարական աշխատանքներն իրականացվել են 2008-2011թթ. ընթացքում: Կառուցապատվել են հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի սպասարկման համալիրը և բաց հանքը: Կառուցապատվել է 27,263 քմ (արտադրական, սպասարկման և վարչական նշանակության շենք-շինություններ), ավտոճանապարհ` Ստեփանավան (քաղաքի կենտրոն) – Արմանիս թաղամաս (7.5կմ), ջրատար (8.8կմ), ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ, բարձրավոլտ էլ.գիծ (3.5կմ):

Ներկայումս «Սագամար» ընկերությունում արդեն իսկ գործում է 370 աշխատատեղ:  Նշվել է, որ կարճ ժամանակահատվածում այն կհասցվի մինչև 500-ի, իսկ ստորգետնյա հանքի լիարժեք շահագործման դեպքում աշխատատեղերի թիվը կդառնա 720:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության սեփականատերերը նշել են, որ հետևողականորեն շարունակում են Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման իրենց ռազմավարությունը: Նրանց հավաստմամբ, մոտ ապագայում ընկերության ջանքերն ուղղված կլինեն Դաստակերտի ու Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացմանը, կայացմանը և հաջող գործարկմանը:

Ներկա նախագծերի իրականացման շրջանակում կանխատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ մոտ 2000:

Share