Բաժին. Տնտեսական

ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՄԹԵՐԵԼ Է 18.5 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ

Այսօր` նոյեմբերի 7-ին, «Պռոշյանի կոնյակի գործարանն» ավարտում է մթերման գործընթացը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից` Այս տարի ընկերությունը մթերել է 18.5 հազար տոննա խաղող և 6 000 տոննա այլ գյուղմթերք: Մթերման գործընթացն ընկերությունն ավարտել է առանց պարտքերի` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, և այս տարին ևս լի էր բնական տարերքներով`ցրտահարություն, կարկուտ, այնուամենայնիվ, ընկերությունը մթերման գործընթացում աշխատել շուրջ 2000 գյուղացիական տնտեսությունների հետ: Արդյունքում, շնորհիվ մթերված պտղի քանակի և որակի հնարավոր կլինի գալիք տարում ավելացնել արտադրանքի ծավալները:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` արտադրական ծավալների ավելացումը պայմանավորված է ինչպես տեղական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ աճող մեծ պահանջարկով, այնպես էլ արտասահմանյան շուկայում հայկական կոնյակի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ:  

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր գործը` հասկանալով, որ որոշակի առումով կոնյակի և գինու հետ արտահանում ենք նաև կոնյակի և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ», – մեկնաբանել է «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի տնօրեն Արմեն Գասպարյանը:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸհիմնադրվել է 1982թ.: Ընկերությունն ունի սեփական խաղողի այգիներ, ժամանակակից սարքավորումներ և որակի խիստ վերահսկողություն, որոնց շնորհիվ էլ գնորդներին է ներկայացնում բարձրորակ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի:

Share