Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ

«Համաշխարհային տնտեսությունն այժմ գտնվում է անորոշ և վտանգավոր փուլում»,- նման կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսության հետագա զարգացման հեռանկարները ներկայիս պայմաններում «վատատեսական են»: Ըստ Քրիստին Լագարդի` եվրոպական պարտքային ճգնաժամը մեծ վտանգ է ներկայացնում ողջ համաշխարհային տնտեսության համար և եթե մինչև 2012 թվականը չլուծվեն համաշխարհային տնտեսությունում, և, մասնավորապես, Եվրագոտում առկա տնտեսական խնդիրները, Եվրոպան և ԱՄՆ-ն կհայտնվեն նոր ճգնաժամային փուլում:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն իր վերջին պաշտոնական կանխատեսումներում կրճատել էր ԱՄՆ-ի և Եվրապային տնտեսական աճի կանխատեսումները: Այսպես, վերջին կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,5% (նախկին կանխտեսումը՝ 2,5%), իսկ հաջորդ տարի՝ 1,8% (նախկինում՝ 2,7%): Միևնույն ժամանակ, ԱՄՀ կանխատեման համաձայն՝ Եվրագոտու ՀՆԱ-ի աճը 2011 և 2012 թվականներին կկազմի համապատասխանաբար 1,6% և 1,1% (մինչ այս կանխատեսվել էր 2,0% և 1,7% աճ):

Share