Բաժին. Տնտեսական

ՏՐՎԵԼ Է NORD STREAM-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսօր` նոյեմբերի 8-ին, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես գործարկվել է աշխարհում ամենաերկար ծովային գազատարը՝ «Հյուսիսային հոսք»-ը (Nord Stream), ինչը նշանակում է, որ այժմ արդեն ռուսական գազը կմատակարարվի եվրոպացի սպառողներին` «առանց միջնորդի»:

Նշենք, որ Nord Stream նախագծի իրականացման համար պահանջվել է 15 տարի և ծախսվել է մոտ 8,8 մլրդ եվրո: Այս նախագիծն իրականացրել է Nord Stream AG ընկերությունը, որի բաժնետերերն են` ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն (51%), գերմանական Wintershall և E.On Ruhrgas (շուրջ 20%), N.V. Nederlandse Gasunie (9%) և ֆրանսիական GDF Suez (9%) ընկերությունները:

«Հյուսիսային հոսք» գազատարը, որի ընդհանուր երկարությունը մոտ 1.2 հազար կիլոմետր է, անցնում է Բալթյան ծովի հատակով և Եվրամիության երկրներին մատակարարելու է տարեկան 55 մլրդ խ.մետր գազ:  Գազատարով հիմնականում նախատեսվում է գազ մատակարարել Գերմանիայի, Դանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիային: Գազատարի կառուցման համար բանակցություններ են վարվել այն բոլոր երկրների հետ, որոնց տարածքով այն անցնում է:

Share