Տնտեսական

ԵՄ-ում ռուսական նավթի գների առավելագույն շեմի սահմանման հարցի բանակցությունները մտել են փակուղի

Բրյուսելն առայժմ չի կարողանում հաղթահարել տարաձայնությունները ռուսական նավթի գների առավելագույն շեմի սահմանման հարցի շուրջ: Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լեհաստանը պահանջում է շատ ավելի ցածր առավելագույն շեմ սահմանել, քան առաջարկում է Եվրոպական հանձնաժողովը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Եվրոպական Միությունը փորձում է իր տարաձայնությունները հարթել դեկտեմբերի 5-ի վերջնաժամկետից առաջ, երբ ուժի մեջ է մտնում ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման էմբարգոն: Այս նախաձեռնությամբ արգելվում է ծովային ուղիներով փոխադրման դեպքում ռուսական նավթի ապահովագրությունը և փոխադրման հետ կապված այլ կարևոր ծառայությունները, եթե այն չվաճառվի Մեծ յոթնյակի երկրների կողմից համաձայնեցված գնով կամ դրանից ցածր: ԵՄ երկրները ցանկանում են ընդունել այդ սահմանափակումը, սակայն առավելագույն շեմի չափի հարցով նրանց դիրքորքշումները տարբեր են:

Ինչպես նշել Է լեհ պաշտոնյաներից մեկը, Լեհաստանի կառավարությունն սկզբունքորեն հավանություն Է տալիս գների սահմանափակմանը, սակայն 65 դոլարը համարում Է «չափազանց բարձր»՝ Ռուսաստանի արտադրական ծախսերի համեմատությամբ: Միևնույն ժամանակ  խոշոր նավագնացություն ունեցող ԵՄ-ի անդամ այլ պետություններ, ինչպիսիք են օրինակ՝ Հունաստանը, Մալթան և Կիպրոսը, հանդես են գալիս բավականաչափ բարձր գնի օգտին, որպեսզի շարունակեն ռուսական նավթի առևտուրը: Այս դիրքորոշումը, հավանաբար, հավանության կարժանանա նաև ԱՄՆ-ի կողմից, նշվում Է հոդվածում: Հաջորդ շաբաթ Ռուսաստանը պետք է հանդիպում անցկացնի ,ՕՊԵԿ+ե-ի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ՝ քննարկելու նավթարդյունահանման քաղաքականությունը: Հաջորդ շաբաթն, ըստ Financial Times-ի, բավական վճռական շաբաթ է լինելու նավթի շուկայի համար:

Share