Տնտեսական

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր
ամիսներին։

Այսպես՝

  • Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ։
    Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված,
    ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ՝ հոկտեմբերին կազմելով
    17.5%, սակայն անկայունության ռիսկերը պահպանվում են: Սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը
    որոշակիորեն դանդաղել էր, իսկ փոխարժեքը՝ որոշակիորեն արժեզրկվել՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված
    ռազմական գործողություններով: Վերջինս ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական աճն ապահովող գործոնները զգայուն են
    և իրավիճակի փոփոխության դեպքում կարող են չեզոքանալ: Հետևաբար, թեև աճի տեմպը հոկտեմբերին արագացել է,
    այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկել արտաքին դրական գործոնների չեզոքացման պարագայում տնտեսության
    դիմադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:
  • Հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքախմբերի աճերով` ՀՀ արտաքին առևտրի բարձր աճերն ավելի են արագացել:
    Արտահանման և ներմուծման ծավալները շեշտակի աճել են՝ հիմնականում պայմանավորված վերարտահանվող
    ապրանքատեսակների՝ մասնավորապես «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից
    իրեր», «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ»
    ապրանքախմբերի աճերով: Այս երևույթը նույնպես ռիսկեր է պարունակում, քանի որ արտաքին աշխարհաքաղաքական
    իրավիճակի փոփոխության պարագայում այն կարող է հանկարծակի կանգ առնել՝ հանգեցնելով բացասական
    տնտեսական հետևանքների:
  • Պետական բյուջեն դարձել է պակասուրդային, որը, սակայն, հեռու է պլանավորված մակարդակից:
    Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, պետական բյուջեի պակասուրդը կազմել է 13 մլրդ դրամ, մինչդեռ 9
    ամսվա ճշտված պլանով այն պետք է լիներ 232.4 մլրդ դրամ, իսկ տարվա ճշտված պլանը կազմում է 218.8 մլրդ
    դրամ: Նման շեղումների արձանագրման հարցում էական նշանակություն ունի կապիտալ ծախսերի թերակատարման
    խնդիրը: Վերջիններս աճում են նախորդ տարվա համեմատ, սակայն պլանավորված մակարդակի համեմատ առկա է
    էական թերակատարում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Share