Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` նոյեմբերի 10-ին, ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին:

Նախագահը ողջունել է հյուրին և հայ-նորվեգական հարաբերությունները խթանելու տեսանկյունից կարևորել նախարարի այցը մեր երկիր: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը նաև լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար: «Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաև անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող և՛ տեխնիկական, և՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի և այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երևանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է: «Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, և դա շատ կարևոր մեկնակետ է», -ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը:

ՀՀ Նախագահը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Share