Տնտեսական

Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափը մի քանի անգամ կբարձրանա

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է բարձրացնել շինություն կառուցելու թույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը: Կառավարության հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվեց:

Առաջին կարգավորումը վերաբերվում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար: Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի  շատ ցածր լինելն է: Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է  այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տասն անգամ:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ քաղաքացին դիմի շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:

Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքների և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի:

Share