Բաժին. Տնտեսական

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է 18 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունից` երեկ` նոյեմբերի 14-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) նախագահ Անդրեյ Կոնդակովին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այս հանդիպումը երկկողմ համագործակցության հեռանկարների դիտարկման տեսանկյունից: Զրուցակիները գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԱԶՍԲ-ի միջև առկա համագործակցության ներկա մակարդակից: 

Անդրեյ Կոնդակովը նշել է, որ բանկը մինչ այժմ Հայաստանում ֆինանսավորել է 18 տարբեր ներդրումային ծրագրեր: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են ընդլայնելու մեր երկրի տնտեսական համակարգում իրենց ներկայացվածության ուղղությունները: 

ԱԶՍԲ-ի նախագահը տեղեկացրել է, որ բանկի բաժնետերերի տարեկան ժողովը 2012 թվականին պետք է անցկացվի Երևանում՝ հունիսի 1-10-ին: Ժողովի շրջանակում ծրագրվում է մեր երկրում կազմակերպել նաև միջազգային բիզնես-ֆորում, որի նպատակն է լինելու գտնել երկկողմ համագործակցության նոր ուղղություններ և հաստատել կապեր հայ գործարարների հետ: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ԱԶՍԲ-ի կողմից Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի հնարավոր ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Share