Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ

Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադիմոսի պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2011 թվականին Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 9%-ը: Նշենք, որ ավելի վաղ արված կանխատեսման համաձայն՝ նշված ժամանակահատվածում ցուցանիշը պետք է կազմեր ՀՆԱ-ի 8,5%-ը:

Հատկանշական է, որ Հունաստանի նոր վարչապետը վստահություն է հայտնել, որ արդյունավետ բարեփոխումների կիրառմամբ մոտ ապագայում հնարավոր է հասնել բյուջեի պակասուրդի կրճատմանն ու կանխել վերջինիս բացասական հետևանքները: Պապադիմոսն արդեն առաջարկել է բարեփոխումների նախնական ծրագիրը, որը նախատեսում է հարկային բազայի ընդլայնում և հարկերից խոսափելու դեմ պայքարի միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաս Պապադիմոսը հայտարարել էր, որ կողմ է, որ Հունաստանը մնա Եվրագոտու կազմում: Վերջինս կարևորել էր Եվրամիության հետ համաձայնեցված տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և փաստել, որ հակառակ դեպքում Հունաստանին «սպառնում» է դեֆոլտ:

Նշենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից Հունաստանի առջև դրվել են նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Հունաստանին կտրամադրվի 110 մլրդ եվրոյի վարկային միջոցների հերթական` 6-րդ տրանշը:

Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է կատարել բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով ստանձնած իր բոլոր պարտավորությունները:

Share