Տնտեսական

Գնաճը Թուրքիայում նոյեմբերին դանդաղել է

Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը նոյեմբեր ամսին դանդաղել են 18 ամսվա ընթացքում առաջին անգամ՝ իջնելով 85 տոկոսի նշագծից: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալների համաձայն՝ անցած ամսին գները (CPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ ավելացել են 84,4 տոկոսով: Հոկտեմբերին գնաճը կազմել էր 85,5 տոկոս: Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները սպասում էին գնաճի մեղմացում միջինը մինչև 84,65 տոկոս: Հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով՝ հակառակ սպասվող 3 տոկոսի:

Սեպտեմբերին սպառողական գների աճը կազմել էր 3,5 տոկոս: Մինչդեռ երկրում արտադրողների գների աճի տեմպերը (PPI ինդեքս) նոյեմբերին դանդաղել են՝ տարեկան արտահայտությամբ հասնելով մինչև 136 տոկոսի՝ մեկ ամիս առաջվա 157,7 տոկոսի համեմատությամբ:

Ամսական հաշվարկով ցուցանիշն աճել է ընդամենը 0,7 տոկոսով մեկ ամիս առաջ 7,8 տոկոսով կտրուկ բարձրանալուց հետո: Նոյեմբերի վերջին Թուրքիայի Կենտրոնական բանկն առանցքային տոկոսադրույքը նվազեցրել է 1,5 տոկոսային կետով՝ հասցնելով 9 տոկոսի, և ազդարարել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլի ավարտի մասին: 2021 թվականի սեպտեմբերից ԿԲ-ն տոկոսադրույքը նվազեցրել էր 11,5 տոկոսային կետով:

Գործակալությունը նշում է, որ թուրքական լիրայի փոխարժեքը երկուշաբթի օրը սակարկությունների ընթացքում թեթևակի փոխվում է և գտնվում է 1 դոլարի դիմաց մոտավորապես 18,64 լիրայի սահմանում: Թուրքական BIST 100 ֆոնդային ինդեքսը նվազել է 0,7 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ տարվա սկզբից ի վեր այն բարձրացել է ավելի քան 2.5 անգամ (165 տոկոսով):

Share