Բաժին. Տնտեսական

ՄՏՍ-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 36% ԱՃ

Ռուսական ՄՏՍ հեռահաղորդակցական ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 36,4%-ով և կազմել 47,919 մլրդ ռուսական ռուբլի: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 14,6%-ով և կազմել 182,37 մլրդ ռուբլի:

2011 թվականի միայն երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությանն զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 2%-ով և կազմել 11,7 մլրդ ռուբլի:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:

Նշենք, որ ՄՏՍ-ը Հայաստանում ներկայացնում է ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ):

Share