Բաժին. Տնտեսական

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆՈՐ ԱՇՏԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Այսօր` նոյեմբերի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. հոկտեմբերի 17-ը։

Նշենք, որ Չարենցավանում գտնվող այս ընկերությունը նախատեսում է վերազինել մետաղի ձուլման արտադրամասը` իրականացնելով 7.3 մլրդ դրամի ներդրում, ինչը թույլ կտա տեղադրել «Սիմենս VAI» ընկերության համապատասխան սարքավորումները և սկսել ամրանների արտադրություն։ Վերազինման ավարտին` 2013 թվականին, կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ։

Միևնույն ժամանակ, գործադիրը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2012թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. նոյեմբերի 14-ը։

Այս ընկերությունն Արմավիրի մարզում արտադրում է շամպինիոն տեսակի սունկ և արդեն այդ նպատակով ներդրել է 980 հազար եվրո, ստեղծել 24 նոր աշխատատեղ։ Օրական արտադրվող մոտ 1 տոննա սունկն ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում, որոշ քանակություն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սույն որոշումը հնարավորություն կտա ընդլայնել սնկի արտադրությունը, ստեղծել ևս մեկ արտադրամաս, իրականացնել մոտ 1 մլն եվրոյի ներդրում և լրացուցիչ ստեղծել 15 աշխատատեղ։

Հաջորդ որոշմամբ կառավարությունը լրացրել և փոփոխել է «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԲԸ կողմից 300մլն դրամը գերազանցող ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելու իր նախկին որոշումը՝ նպաստելով համապատասխան տեսակի վարդերի սածիլների ներմուծմանը. վարդերի ջերմոցային տնտեսության ստեղծման ներդրումային այս ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում։ Դրա արդյունքում նախատեսվում է ստեղծել առնվազն 27 աշխատատեղ։

Share