Տնտեսական

ԱԶԲ-ն նվազեցրել է 2023-ին Ասիայի զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) գլոբալ հեռանկարների վատթարացման ֆոնին նվազեցրել է 2023 թվականին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար տնտեսական աճի իր կանխատեսումը 4,9%-ից մինչև 4,6%-ի: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Այս տարի տարածաշրջանի տնտեսությունը կաճի 4,2 %-ով, իսկ հաջորդ տարի՝ 4,6 %-ով», – նշված է ֆինանսական կազմակերպության զեկույցում:

Սեպտեմբերին ԱԶԲ-ն կանխատեսել էր, որ այդ ցուցանիշների աճը կկազմի համապատասխանաբար 4,3% և 4,9%։ COVID-19-ի համավարակից հետո Ասիայում վերականգնման տեմպերի դանդաղումը զեկույցի հեղինակները կապում են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ամբողջ աշխարհի և տարածաշրջանի կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակի ձգձգումը և կորոնավիրուսով պայմանավորված հաճախակի լոքդաունները Չինաստանում։
«Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կշարունակի վերականգնվել, բայց գլոբալ պայմանների վատթարացումը նշանակում է, որ Ամանորի մոտենալուն զուգընթաց տարածաշրջանը փոքր-ինչ կորցնում է խթանը»,- ասել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Պարկը:

Կանխատեսվում է, որ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 3 %-ով՝ նախորդ կանխատեսման 3,3 %-ի համեմատ։ Հաջորդ տարվա համար Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը 4,5 %-ից իջեցվել է մինչև 4,3 %-ի՝ «աճի համաշխարհային դանդաղման պատճառով»: Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները բանկի կողմից պահպանվել են այս ֆինանսական տարվա համար 7%-ի, իսկ հաջորդ տարվա համար՝ 7,2%-ի մակարդակում:

Հարավարևելյան Ասիայի համար այս տարի աճի կանխատեսումը 5,1%-ից բարձրացել է մինչև 5,5%՝ «Մալայզիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և Վիետնամում սպառման և զբոսաշրջության ակտիվ վերականգնման ֆոնին: Սակայն հաջորդ տարվա համար կանխատեսումները նվազեցվել են 5%-ից մինչև 4,7%՝ «համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով», նշված է զեկույցում:

Share