ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով սահմանվում է՝ եթե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով ձեռք բերեն ապրանք, ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Նախագծերի փաթեթով առաջինը ներդնում ենք էլեկտրոնային առևտրի կանոնակարգումները: Էլեկտրոնային հարթակից դեպի ֆիզիկական անձանց ապրանքի օտարումը հարկվում է, ԱԱՀ-ն հաշվարկում և վճարվում է սպառման երկրի կանոններով: Այսինքն՝ ԱԱՀ-ն առաջանում է այն երկրում, որտեղ ֆիզիկական անձը ձեռք է բերել ապրանքը: Առաջարկում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ մեր ռեզիդենտ ֆիզիկական անձինք են ձեռք բերում ապրանքները, ԱԱՀ-ն հաշվարկվի և վճարվի Հայաստանի Հանրապետությունում՝ անկախ նրանից ՀՀ-ում մշտական հաստատություն առկա է, թե ոչ»,-ասաց Բադասյանը: