Բաժին. Տնտեսական

ԴԻԼԻՋԱՆԻ «ԲԵՍԹ ՎԵՍԹԵՐՆ ՓԱՐԱԴԱՅՍ»-Ը ԴԱՐՁԵԼ Է BEST WESTERN ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 26-ին, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր կատարած իր աշխատանքային այցի ժամանակ Դիլիջան քաղաքում այցելել է վերջերս շահագործման հանձնված «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին: 

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցի շենքի հիմնանորոգումը տևել է շուրջ 4 տարի, որի արդյունքում՝ վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ սպասարկման որակի միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, օտարերկրյա փորձագետներն ու որակի երաշխիքի գնահատողները, հետազոտելով և մասնագիտական վերահսկողություն իրականացնելով հյուրանոցի ընթացիկ գործունեության նկատմամբ, որոշում են կայացրել միջազգային չափանիշներին հյուրանոցի տեխնիկապես և մատուցվող ծառայությունների որակի համապատասխանության վերաբերյալ՝ շնորհելով լիիրավ անդամակցություն Բեսթ Վեսթերնի մեծ ընտանիքին` Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց անվանմամբ: Բեսթ Վեսթերնն աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանց է, որը գործում է ավելի քան 80 երկրում՝ ընդգրկելով 4000-ից ավելի հյուրանոց: 

Հյուրանցային համալիրի աշխատակազմի 90%-ից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:

Share