Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարևորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների և պատգամավորական խմբերի փոխայցելությունները: 

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Դավիթ Բաքրաձեն խոսել են նաև հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:

Share