Տնտեսական

Բելառուսի դեսպան. 2022-ին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

«Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:

Բելառուսի դեսպանի խոսքով՝  Հայաստանում բավականին լուրջ ներկայացված է նաև բելառուսական սննդամթերքը:

«Մենք կձգտենք, որ այն ավելի շատ լինի»,- ավելացրեց դեսպանը:

Դիվանագետը տեղեկացրեց նաև, որ  «Բելկոմմաշավտո» գործարանը համագործակցում է Հայաստանի մի շարք մարզերի հետ, հատուկ տեխնիկա տրամադրելու վերաբերյալ  պայմանագրեր են կնքվել:

Ըստ Ալեքսանդր Կոնյուկի՝ Հայաստանից Բելառուս ևս արտահանվում է բազմատեսակ արտադրանք՝ սկսած կոնյակից, վերջացրած չրեղենով, սակայն, ըստ դեսպանի, պետք է ջանքեր գործադրել ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Share