Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված մեր երկրի տնտեսության զարգացման նոր ծրագրի մշակմանը: Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների և կառավարության ներկայացուցիչներ:

«Անհրաժեշտ է Հայաստանի համար մշակել մինչև 2020 թվականը ներառող տնտեսական նոր ծրագիր՝ իր հիմնական ուղղություններով, գերակայություններով և գործողություններով: Հայաստանը մի քանի տարի առաջ արդեն իսկ մշակել էր Կայուն զարգացման ծրագիր, որը ենթարկվել է էական փոփոխությունների՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում»ՙ,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրն այսօր գտնվում է մրցակցության փուլում և մեր առջև առկա է խնդիր, թե ինչպես պետք է շարժվենք առաջ և ինչպիսի մեթոդաբանությամբ: 

«Վերջին 20 տարիներին Հայաստանն աճ է ապրում և այն զարգացնելու և առաջ տանելու համար պետք է օգտագործել Ձեր երկրի տնտեսական բոլոր առավելություններն ու աղբյուրները, տարբեր ոլորտներում առկա մարդկային ռեսուրսներն ու տնտեսական աճի ներուժը: Ըստ իս, Դուք դա կարող եք անել: Ես Հայաստանի հարցով լավատես եմ, չնայած համաշխարհային մակարդակով գլոբալ անորոշություններին»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Նա ասել է, որ ներկայում առկա բազմաթիվ անորոշությունների պարագայում պետք է մշակել ճկուն քաղաքականություն: Կառավարությունը պետք է մի քանի խիզախ միջոցառումների իրականացման որոշում կայացնի և նպատակային կերպով շարժվի այդ ճանապարհով: «Անհրաժեշտ է միասնաբար սահմանել Հայաստանի զարգացման նոր տեսլականը: Եթե այդ ծրագրի 50 տոկոսն էլ իրականացվի՝ դա կլինի մեծ քայլ դեպի առաջ»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է Ասադ Ալամին՝ քննարկմանը մասնակցելու և մեր երկրի տնտեսական ապագայի մասին միջազգային փորձի և նոր գաղափարների ներկայացման համար: 

Share