Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Նոյեմբերի 21-25-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բոթսվանայի Հանրապետության մայրաքաղաք Գաբորոնեում Համաշխարհային բանկի կողմից «Հյուսիս-Հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպված ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են Բոթսվանայի, Լեսոտոյի, Հայաստանի, Մավրիտոսի կառավարությունների, ինչպես նաև համաշխարհային ադամանդագործության արդյունաբերությունում հայտնի կազմակերպությունների, մասնավորապես` «Դե Բիրս», «Ռոզի Բլյու», «Հարրի Ուինսթոն» և այլ ընկերությունների ներկայացուցիչները: 

Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել ադամանդագործության վերամշակման ոլորտում փորձի փոխանակման, ոլորտի զարգացման գործում պետության դերի և նշանակության, ինչպես նաև ադամանդագործության արդյունաբերության համաշխարհային զարգացման դինամիկայի և կանխատեսումների շուրջ: 

Հայկական պատվիրակությունը համաժողովին հանդես է եկել հետևյալ առաջարկությամբ. նմանօրինակ միջոցառում կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետությունում` այդպիսով հնարավորություն ընձեռելով մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղում ծանոթանալու հայկական ադամանդագործության ոլորտի ներուժին և կարողություններին:

Share