Տնտեսական

Հարավային Կորեայում ներկայացրել են ժողովրդագրական ճգնաժամի դեմ պայքարի նոր ծրագիր

Հարավային Կորեայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ցածր ծնելիության և բնակչության արագ ծերացման խնդիրը լուծելու ծրագիր: Այս մասին հաղորդում է  Yonhap գործակալությունը: Հաղորդվում է, որ ի թիվս այլ բաների, Հարավային Կորեայի կառավարությունը կփորձի ստեղծել ծնելիության և երեխաների դաստիարակության համար կայուն միջավայր՝ խրախուսելով երեխա ունեցող կանանց և վերացնելով նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը:

Այսպես, հանրապետության կառավարությունը մտադիր է բարելավել կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը՝ նվազագույնի հասցնելով ծննդաբերության արձակուրդը, բարելավել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը և երիտասարդներին ապահովել մատչելի բնակարաններով և աշխատանքով:

Ցածր ծնելիության հետևանքով առաջացած աշխատուժի պակասը լրացնելու համար կառավարությունը խոստանում նաև վերացնել օտարերկրյա աշխատուժ վարձելու սահմանափակումները և ակտիվ ներգաղթի քաղաքականություն մշակել։ Միաժամանակ միջոցառումներ են նախատեսվում տարեց կորեացիների շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացման և բնակչության այս խմբի սոցիալական աջակցության համակարգի բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես, տարեց քաղաքացիների համար կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո կընդլայնվեն աշխատանքի տեղավորման հնարավորությունները, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի աշխատողներին կվճարվի նաև գործազրկության նպաստ։ Բացի այդ, կառավարությունը կավելացնի ջանքերը նորածինների, երեխաների և տարեցների խնամքի ծառայություններն ընդլայնելու ուղղությամբ:

Հարավային Կորեան արդեն չորրորդ անգամ է նման միջոցառումներ ձեռնարկում երկրում տիրող ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու համար: 2019 թ.-ի մարտից Սեուլը աշխատանքային խումբ է ստեղծել, որը պետք է մշակի քաղաքականություն և օգնի լուծել ցածր ծնելիության, բնակչության արագ ծերացման և դրանով պայմանավորված աշխատուժի պակասի խնդիրները: Հարավային Կորեայի ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 2021 թ.-ին սկսել է նվազել: 2020 թ.-ին 51,84 միլիոն մարդու հասնելուց հետո բնակչության թիվը 2021 թ.-ին նվազել է՝ հասնելով 51.74 միլիոնի: Մինչև 2070 թվականը բնակչության թիվը կարող է նվազել մինչև 37,66 միլիոնի:

Share