Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՏԵԼ ԵՆ 60 ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության Մամուլի ծառայությունից` ևս 20 բեռնատար մեքենաներ կանցնեն օրվա ընթացքում: Սպասվում է, որ առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:

Հիշեցնենք, որ առատ ձյան եւ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում եւ դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է`  30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:  Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ:  Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և  կիսատրեյլերների երթևեկությունը  կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Share