Բաժին. Տնտեսական

ԴՈՒԲԱՅՆ ՈՒՆԻ ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Դուբայի Էմիրությունը, չնայած այն փաստին, որ զգալի տեղաշարժ է գրանցել իր պետական ընկերությունների պարտքերի վերակազմավորման գործընթացում, այնուամենայնիվ, դեռևս գտնվում է ռիսկային  զարգացումների փուլում: Այս մասին նշվում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության նոր զեկույցում:

Ըստ Moody’s-ի վերլուծաբանների` ներկայիս պայմաններում Դուբայի մի շարք պետական ընկերություններ, որոնք ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, փորձում են կուտակված պարտքերի հետ կապված խնդիրները լուծել վերակազմավորման գործընթացների շնորհիվ, ինչով և պայմանավորված մեծանում են Դուբայի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը: Moody’s-ի գնահատմամբ` մոտ ապագայում Դուբայը կունենա լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք: Նշենք, որ ներկայումս Դուբայի կառավարությանն ու պետական ընկերություններին բաժին ընկնող պարտքի համախառն ծավալը կազմում է շուրջ 101.5 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունը 2009 թվականին հայտնվել էր ծանր ֆինանսական դրության մեջ և հնարավոր դեֆոլտից խուսափելու նպատակով իրականացրել էր Dubai World պետական ընկերություն պարտավորությունների վերակազմավորում:  Նշենք, որ Dubai World ներդրումային ընկերության` վերակազմավորման ենթակա պարտքերի ընդհանուր ծավալը գնահատվել էր շուրջ 26 մլրդ դոլար: Ընկերության պարտատերերի շարքում էին  այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են HSBC Holdings Plc, Royal Bank of Scotland Group Plc, Lloyds Banking Group Plc և Standard Chartered Plc բանկերը:

Share