Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԺՈՂՈՎ. ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց «Արդյունավետ կարգավորում. մարտահրավերներ և զարգացումներ» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: 

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈւՍ» հանրային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով և ԵՄ հովանավորությամբ: Այն իրականացվում է «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի շրջանակներում: 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետրի Սալոն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Կրիստոֆ Գայրանը, այլ պաշտոնատար անձինք: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ով համակարգում է այս ծրագիրը, համոզմունք հայտնեց, որ արդյունավետ կարգավորումը հանգեցնում է կիրառելի օրենքների ստեղծմանը: «Կիրառելի օրենքներն օգնում են հարկատուներին խնայել իրենց ժամանակը և միջոցները, խուսափել բյուրոկրատիայից և դարձնել Հայաստանի գործարար միջավայրն ավելի գրավիչ ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա գործարարների համար: Սրանք այն հիմնական կետերն են, որոնց շուրջ ծավալվելու են համաժողովի քննարկումները», – ասաց Կարինե Մինասյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության Գործառնական բաժինների ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրանն ասաց. «Կարգավորման կառավարում Թվինինգ ծրագրի նպատակը վարչական բեռի նվազեցումն է և դրանով իսկ Հայաստանը ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելը»: 

Համաժողովի ընթացքում Հայաստանի և միջազգային փորձագետները կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգը, կխոսեն օրենսդրական դաշտի բարելավման գործիքների կիրառման հիմնախնդիրների մասին: Կներկայացվի հանրային կառավարման լավագույն փորձը ԵՄ երկրներում, ինչպես նաև օրենսդրության պարզեցման և վարչարարության նվազեցման նպատակով ԵՄ երկրներում կիրառվող «Կարգավորման գիլյոտին» գործիքը:

Share