Բաժին. Տնտեսական

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԻՆ

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրի և նույնականացման քարտի արտաքին ձևին։

Նշենք, որ արդեն հաջորդ տարվանից 16 տարեկանից բարձր ցանկացած ՀՀ քաղաքացի կունենա էլեկտրոնային նույնականացման քարտ, որը կփոխարինի ներկայիս անձնագրին և կծառայի ՀՀ տարածքում: Քարտը կպարունակի տեղեկատվություն քաղաքացու վերաբերյալ և պաշտպանված կլինի անվտանգության հատուկ գործիքներով: Ապագայում այն կարող է նաև ծառայել որպես բժշկական քարտ, վարորդական իրավունքի վկայական, վճարային քարտ:

Էլ-անձնագիրը կդառնա ճամփորդական փաստաթուղթ բոլոր ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ճամփորդում են ՀՀ տարածքից դուրս: Էլեկտրոնային նոր անձնագիրը պետք է ունենա ներկայիս անձնագրի ձևաչափն ու պարամետրերը, սակայն պետք է նաև պարունակի տիրոջ կենսաչափական տվյալները և ալեհավաք պարունակող առանց շփման պահոց` տեղադրված շապիկի վերջին էջում:

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012թ. առաջին եռամսյակից սկսած:

Share