Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐԱԳՈՏՈՒ ՓԼՈՒԶՄԱՆԸ

Եվրոպական կենտրոնական  բանկերը պատրաստվում են Եվրագոտու կազմից մեկ և նույնիսկ մի քանի երկրների հավանական դուրս գալուն և մշակում են գործողության համապատասխան մեխանիզմներ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` փաստելով, որ գլխավոր հարցը, որը հուզում է եվրոպական կենտրոնական բանկերին, կապված է նախկին ազգային արժույթներով հաշվարկներին վերադառնալու գործընթացի կազմակերպման հետ: Նշենք, որ Եվրագոտուն անդամ երկրները, անցում կատարելով եվրոյին, դադարեցրել էին ազգային արժույթների թողարկումը:

Ըստ ամերիկյան մամուլի` եվրոպական կենտրոնական բանկերի գործողությունները ներկայումս պահվում են գաղտնի, քանի որ պաշտոնական նորություններն այն մասին, որ եվրոպական ֆինանսական վերահսկող մարմինները պատրաստվում են Եվրագոտու կազմից որոշ երկրների դուրս գալուն, կարող են «անդունդը գլորել» եվրոյի նկատմամբ վստահությունը:

Նշենք նաև, որ Շվեյցարիայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ` Եվրագոտու կազմից դուրս գալու մտադրություն ունեցող երկրներին առաջարկելով նման քայլի դիմելու պարագայում եվրոն փոխարինել Եվրամիության անդամ, բայց և Եվրագոտուն չանդամակցող որևէ երկրի ազգային արժույթով` հավանական առավել խորը ռիսկերից խուսափելու նպատակով:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ UBS բանկի վերլուծաբանները հաշվարկել էին, թե որքան գումարի վնաս կկրեն հասարակ եվրոպացիները, եթե Եվրագոտու կազմում ընդգրկված 17 երկրներից որևէ մեկը որոշի դուրս գալ եվրոպական միացյալ արժութային համակարգից: Այսպես, ըստ իրականացված գնահատականների` եթե Եվրագոտու կազմից հեռանա մեծ պարտքեր ու տնտեսական պարտավորություններ կուտակած երկիր, ապա Եվրագոտու կազմից դուրս տվյալ երկրի «կյանքի» առաջին մեկ տարվա ընթացքում այդ երկրի յուրաքանչյուր բնակիչ կկրի 9.5-11.5 հազար եվրոյի վնաս: Միևնույն ժամանակ, եթե Եվրագոտու կազմից որոշի դուրս գալ այնպիսի երկիր, ինչպիսին է, օրինակ, Գերմանիան, որը Եվրագոտու «հիմնասյուներից» մեկն է, ապա մեկ բնակչի հաշվով «կորուստը» կկազմի 6-8 հազար եվրո:

Ըստ UBS բանկի վերլուծաբանների` Եվրագոտու կազմից դուրս գալու որոշման շեմին ներկայումս հայտնվել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան և Պորտուգալիան:

Share