Տնտեսական

Թայվանն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան և Բելառուս

Թայվանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ արգելվում է Ռուսաստան և Բելառուս արտահանել այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են ռիցինը, կոնոտոքսինները, բոտուլոտոքսինը, ազոտի տրիֆտորիդը, ամոնիումի նիտրատը, տրիբուտիլային ֆոսֆատը և ազոտաթթուն, ինչպես նաև չժանգոտվող No 304 և No 316 պողպատը:

Պատժամիջոցները վերաբերում են մեքենաշինական ապրանքներին, այդ թվում՝ թվային ծրագրային կառավարմամբ հաստոցներին, մշակող կենտրոններին, թվային ծրագրային կառավարմամբ հղկող մեքենաներին, էլեկտրալիցքաթափման հաստոցներին և կոնտրոլլերներին (ցածր լարման էլեկտրական ապարատ):

Բացի այդ, սահմանափակումները կվերաբերեն այնպիսի հատուկ միջոցներին, ինչպիսիք են մահակները, ձեռնաշղթաները, ոտքերի շղթաները և զսպաշապիկները:

Թայվանի էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին հորդորել է պահպանել կանոնները և Ռուսաստանին և Բելառուսին չվաճառել այժմ արդեն արգելված ապրանքները:

Թայվանը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2022 թվականի ապրիլին և մայիսին։ Այն ժամանակ արգելքը հիմնականում վերաբերում էր համակարգչային և տեղեկատվական-հաղորդակցական արտադրանքների, տվիչների, լազերների և օդատիեզերական ապրանքների արտահանմանը։

Share