Բաժին. Տնտեսական

Samsung-ը շահել է Քաթարում նավթաքիմիական գործարան կառուցելու մրցույթը

Հարավկորեական հսկա Samsung Group-ի Samsung Engineering ստորաբաժանումը թայվանական CTCI Corporation-ի հետ շահել է Քաթարում նավթաքիմիական գործարան կառուցելու մրցույթը:

Գործարքը գնահատվում է մոտ 2,5 միլիարդ դոլար: Նախատեսված է, որ Samsung Engineering-ը պատասխանատու կլինի արտադրական հզորությունների ստեղծման համար, իսկ թայվանական ընկերությունը կկառուցի գործարանի մնացած ենթակառուցվածքները: Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է նախանշվել 2026 թվականի վերջը:

Այս նախագիծը կարող է դառնալ էթիլենի արտադրության ամենախոշոր ձեռնարկություններից մեկը, որի տարեկան ծավալը կկազմի 2,08 միլիոն տոննա: Samsung Engineering-ը վստահ է, որ կկարողանա հաջողությամբ իրականացնել նախագիծը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սա Ռաս-Լաֆան արդյունաբերական կենտրոնի զարգացման նախագծի մի մասն է, որը գտնվում է Դոհայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա և մասնագիտացած է նավթաքիմիական, այդ թվում՝ հեղուկ գազի արտադրության ոլորտում: Պատվիրատուն Ras-Laffan Petrochemincals-ն է:

Share