Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

Գերմանիայի Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` 2012 թվականին Գերմանիայի տնտեսության աճի տեմպը կկրճատվի և կկազմի 0,6%: Կանխատեսվում է, որ 2013 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,8%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել էր Գերմանիայի տնտեսական աճի իր կանխատեսումները: Կազմակերպության նոր կանխատեսման համաձայն` 2011 թվականին Գերմանիայում տնտեսական աճը կկազմի 3,0%: Միևնույն ժամանակ, նոր կանխատեսմամբ` Գերմանիայի տնտեսական աճը 2012 թվականին կկազմի 0,6%, իսկ 2013 թվականին` 1,9%:

Այսպիսով, Գերմանիայի տնտեսության աճի պաշտոնական կանխատեսումները գրեթե ամբողջությամբ համընկել են ՏՀԶԿ փորձագիտական կանխատեսումների հետ:

Փորձագետների խոսքերով` Գերմանիայի տնտեսական աճի վրա անմիջական ազդեցություն ունի երկրում աշխատուժի զբաղվածության մակարդակը: Նշենք, որ ՏՀԶԿ կանխատեսմամբ` 2012 թվականին երկրում գործազրկության մակարդակը կկազմի 5,7%, իսկ 2013 թվականին` 5,5%:

Share