Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում իր աշխատանքներն է մեկնարկել առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը, որի նպատակն է ամփոփել վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կատարարված աշխատանքները և նախանշել հետագա կարևորագույն քայլերը: Այս համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: «Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը և նրանց մոտիվացիան: Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար և կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ այդպիսի տրամամաբանություն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին:  Վարչապետը նաև ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների ներդրումով բացահայտվել են նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծմամբ կբացառվեն կրկնահաշվարկները: 

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թվականի հունվարի մեկից կառավարությունը տասական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստներն ու կենսաթոշակները:

Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի մեկից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգն ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) և կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների համար: Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի մեկից:

Share