Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները դոնոր կազմակերպությունների հետ համատեղ քննարկել են Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում մշակված Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը (IRP): Ինչպես նշվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ` համաժողովը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան: 

Նշենք, որ այս ծրագրի համար 2011-2013թթ. Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 32 մլն եվրո: Ծրագիրը մշակվել է Արևելյան գործընկերության յուրաքանչյուր գործընկեր երկրի համար առանձին` բարեփոխումների գործընթացն արագացնելու համար: CIB ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի այն առանցքային մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, որոնք նշանակալի դերակատարում կունենան Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ապագա համաձայնագրի համար հիմք նախապատրաստելու և այն իրականացնելու գործում: Այն հիմնականում ուղղված է լինելու կարողությունների հզորացմանը, թույլ կողմերի բացահայտմանը և վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների միջոցով բացերի լրացմանը` ըստ անհրաժեշտության: 

Հայաստանում CIB ծրագիրն ուղղված է երեք հիմնական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը.` Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստում, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում,  աջակցություն արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտին և աջակցություն ԽՀԱԱՀ նախապատրաստական աշխատանքներին: 

2010-2011թթ. ընթացքում ԵՄ սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության հետ` համակարգել է, թե ապագա ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերում ներառված որ հաստատություններն ու աշխատանքներն աջակցություն կստանան ԵՀՔԳ (եվրոպական հարևանության քաղաքականության գործիք) միջոցներից` CIB ծրագրի իրականացման համար: Արդյունքում, ՀՀ կառավարությունը նախապատրաստել է յուրաքանչուր ոլորտի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների երեք ծրագիր, որոնք սույն միջոցառման ընթացում կներկայացվեն քննարկման: 

CIB-ն կհամաֆինանսավորվի Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից, ու այն բաց է այլ դոնորներ կազմակերպությունների կողմից անկանխիկ (օրինակ`գործուղումների միջոցով) համաֆինանսավորման և ներդրումների համար:

2010թ. նոյեմբերի 26-ին ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Շրջանակային փաստաթղթի վերաբերյալ, որը երկու կողմերին պարտավորեցնում է լիարժեք կերպով համագործակցել CIB-ի արդյունավետ իրականացման համար:

Share