Բաժին. Տնտեսական

ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐԱԲԱՑ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն 2011թ.-ը հայտարարել է սպասարկման որակի բարելավման տարի: Հարկային տեսչությունների առջև խնդիր է դրվել հարկ վճարողների սպասարկման մակարդակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:  ՀՀ ՊԵԿ-ի հայտարարության համաձայն` սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: Երևանում արդեն իսկ 5 այդպիսի սրահ կա` Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչություններում և Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի հարկային տեսչություններում:

Երևանում հարկ վճարողների սպասարկման հերթական` վեցերորդ ժամանակակից կենտրոնն էլ բացվել է երեկ` դեկտեմբերի 21-ին, Քանաքեռ-Զեյթունի տարածքում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաոճ կենտրոն էր այցելել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ հարկային ծառայությունն այս տարածաշրջանում հարկ վճարողներին ներկայանում է հիմնովին վերանորոգված երկհարկանի կառույցով, որի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը: Շենքային պայմանների բարելավումից, ընդարձակ ու նորաոճ սպասարկման սրահից բացի, այստեղ են գործում նաև կոմիտեի ուսումնական կենտրոնը` նորագույն սարքավորումներով վերազինված, նիստերի դահլիճ, ինչպես նաև մարզասրահ` համակարգի աշխատակիցների համար: Շենքի առաջին հարկում տեղակայված է սպասարկման նորաոճ սրահը` համալրված ժամանակակից տեխնոլոգիաներով և հարմարավետ աշխատասենյակներով: Բարեփոխումների արդյունքում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է “մեկ պատուհանի” սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին սպասարկել ավելի արագ և արդյունավետ, դրանով իսկ` էապես նվազեցվում է տեսուչ-հարկատո շփումը:

Հարկ վճարողներին միջազգային չափանիշներով սպասարկումն իրողություն է նաև մարզերում. Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնին հաջորդում է Սևանի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ սրահը` դրանով իսկ բոլորովին նոր մակարդակի բերելով տարածքային համաչափ զարգացումը նաև հարկային ոլորտում. սպասարկման գրասենյակները, որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ, Սևանի ՏՀՏ-ում ևս պահանջված են: Այսինքն, Գեղարքունիքի կամ հարակից մարզերի հարկ վճարողները նոր գաղափարի իրագործման շնորհիվ կկարողանան հենց Սևանից ներկայացնել հաշվետվություն կամ համապատասխան փաստաթղթեր ուղարկել առանց մաքսատներ կամ մաքսակետեր այցելելու: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ այցելել է նաև Սևանի տարածքային տեսչություն. շրջել է սպասարկման նորաբաց կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունը հարկ վճարողներին նույնպես ներկայանում է միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններով և բարձրակարգ սպասարկմամբ: Եղեգնաձորի ՏՀՏ-ի շենքի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից և ընդամենը մի քանի ամիս անց, այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` հարմարավետ աշխատասենյակներով և նորաոճ սպասարկման սրահով: Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն այցի շրջանակներում Կոմիտեի նախագահը շրջել է տեսչության նորակառույց շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Բոլոր տեսչություններում էլ  Գագիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, տվել կոնկրետ հանձնարարականներ:

Ինչպես մայրաքաղաքում, տարածաշրջաններում նույնպես հարկային գրասենյակների` որպես մեկ միասնական տեղեկատվական կենտրոնի գործարկումը միանշանակ կնպաստի մարզերում սպասարկման որակի բարելավմանը: Այս ուղղությամբ բարեփոխումները շարունակական են լինելու և հարկ վճարողներն առաջիկայում ևս նոր փոփոխությունների ականատես կլինեն: Բարեփոխումների օրակարգում մյուս տեսչություններն են:  

Share