Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան՝ ծանոթացել ՋԷԿ-ի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ էլեկտրակայանը 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտադրել է 1 միլիարդ 680 մլն կվտ ժամ էլեկտրէներգիա: 2010-ի ապրիլից դեկտեմբեր ժամանակահատվածում արտադրվել է 921 մլն 290 հազար կվտ ժամ էլեկտրաէներգիա: Էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր (էլեկտրական և ջերմային) հզորությունը 271,7ՄՎտ է: Կայանի օգտակար գործողության գործակցի շնորհիվ էր, որ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացավ` չնայած գազի գնի թանկացմանը: 

Նրա կառավարումը (թողարկում, ցանցին միացում, բեռնավորում) լիովին ավտոմատացված է: Էլեկտրակայանի կառավարման կենտրոնը կահավորված է մեկ մեծ չափի և բազմաթիվ ստանդարդ չափի մոնիտորներով, որոնք ժամանակի ռեալ ռեժիմում ցույց են տալիս էլեկտրակայանի աշխատանքի բոլոր ցուցանիշները: Արտադրվող էլեկտրաէներգիան տրամադրվում է էլեկտրացանցերին:

Էլեկտրակայանում ներդրվել է ճապոնական Fuji ընկերության արտադրության 63ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ շոգետուրբին և օժանդակ սարքավորումներ’ 103,7Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ, հարավկորեական SEC ընկերության արտադրության ջերմաօգտագործիչ կաթսա:

Էլեկտրակայանում աշխատում է 51 մարդ: Այն կառուցվել է ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի միջոցներով:

Share