Բաժին. Տնտեսական

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Շնորհավորելով Տիգրան Հարությունյանին փոխնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Տիգրան Դավթյանը նշել է, որ Տիգրան Հարությունյանը, մոտ մեկ տարի լինելով «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենը, չնայած պաշտոնավարման կարճ ժամանակահատվածին, կարողացել է պատվով անցնել փորձաշրջանը և իրեն դրսևորել է որպես հմուտ ղեկավար:

Նախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ պարոն Հարությունյանն արագ կներգարավվի նախարարության աշխատանքներին և իր գիտելիքներն ու կարողությունները առավել մեծ եռանդով կուղղի նախարարության առջև դրված բարդ խնդիրների լուծմանը:

«Նախարարությունում ձևավորվել է լավ ղեկավար կազմ, ունենք տրամաբանական կառուցվածք, և, համոզված եմ, մեր համախմբված գործունեությունը կտա դրական արդյունքներ», – եզրափակել է Տիգրան Դավթյանը` բոլորին մաղթելով ստեղծագործ և արդյունավետ աշխատանք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Share