Բաժին. Տնտեսական

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԼԻՆԵՆ

Ընթացիկ տարում հայաստանյան վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 51 հազ. տոննա բանջարեղեն և 14.3 հազ. տոննա պտուղ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` այս ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա մթերումների ծավալները համապատսխանաբար 1.7 և 3.9 անգամ:

Հատկանշական է, որ այս տարի խաղողի մթերումներն իրականացվել են շուրջ 40  ընկերությունների կողմից, և, ընդհանուր առմամբ, մթերվել է 128.9 հազ. տոննա հումք: Վերամշակող ընկերությունների կողմից խաղողի 1 կիլոգրամն այս տարի գնվել է 130  դրամից ոչ պակաս գնով (միջին գինը կազմել է 132.0 դրամ)`  նախորդ տարվա 124.4 դրամի դիմաց:

Գյուղնախարարության հավաստմամբ` ընթացիկ տարվա գյուղատնտեսական մթերքների մթերումները աչքի են ընկել վճարումների աննախադեպ մակարդակով: Պտուղ-բանջարեղենի մթերումների դիմաց վճարումները կազմել են 98.7%, իսկ խաղողինը` 98.8%: Ակնկալվում է մինչև տարեվերջ վճարումների ամբողջական կատարումը:

Նշենք նաև, որ 2011 թականի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16.2 հազ. տոննա պտուղբանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 31.7 տոկոսով:

Share