Տնտեսական

Ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա 2022-ին աճել է 11,5%-ով

2022-ի արդյունքներով Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը Թուրքիա 2021-ի համեմատ աճել է 11,5%-ով՝ մինչև 5,2 միլիոն ուղևորություն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներին։

Դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով երկրորդ տեղը 2022 թվականին զբաղեցրել են ռուսները՝ 5.232.611 ժամանում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ռուսական ավիաընկերությունների ավիափոխադրումների կրճատման պայմաններում Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքն աճել է 11,5%-ով։

2022 թվականին ռուսաստանյան այցելությունների մեծ մասը՝ 57,9%-ը բաժին է ընկել Անթալիային, մոտ 28,2%-ը՝ Ստամբուլին և 6,9%-ը՝ երկրի Էգեյան հատվածին։ Անթալիայի հանգստավայրեր 2022 թվականին այցելել է 3 միլիոն ռուս: Սա 15,4%-ով պակաս է 2021-ի վիճակագրությունից և 45,6%-ով պակաս՝ 2019-ից։ Դեպի Անթալիա զբոսաշրջային հոսքի առումով Ռուսաստանը դեռևս զբաղեցնում է առաջին տեղը։ Երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։

Ընդհանուր առմամբ 2022 թվականին Թուրքիա է այցելել 44,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Զբոսաշրջային հոսքի առումով առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան, երրորդը՝ Միացյալ Թագավորությունը:

Share