Տնտեսական

Ռեկորդային գնաճի ֆոնին Մեծ Բրիտանիայում կանցկացվի վերջին տասնամյակների խոշորագույն գործադուլը

Մեծ Բրիտանիայում այսօր կանցկացվի վերջին տասնամյակի խոշորագույն գործադուլը: Աշխատավարձերի բարձրացման պահանջով կարող է բողոքի դուրս գալ մինչև կես միլիոն մարդ: «Sky News»-ը տեղեկացնում է՝ բողոքի ակցիաները կիրականացնեն տարբեր ոլորտների հարյուր հազարավոր աշխատողներ։

Գործադուլավորների հիմնական խումբը ներկայացնելու են կրթության ոլորտի աշխատակիցները. ավելի քան 300 հազար ուսուցիչներ Անգլիայում և Ուելսում պիկետ կանցկացնեն՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով երկրում ճգնաժամի պայմաններում։

Սա կդառնա պատմության մեջ մանկավարժների ամենամեծ գործադուլը, որը կվերաբերի ավելի քան 23 հազար դպրոցի: Նրանց կմիանան բրիտանական 150 համալսարանների 70 հազար աշխատակիցներ։ Sky News-ը, վկայակոչելով անցկացված հարցման տվյալները, նշում է, որ ծնողների 62 %-ն աջակցում է ցույցի անցկացմանը՝ չնայած դա անդրադառնում է նրանց երեխաների դասապրոցեսի վրա: Բացի այդ, այսօր Բրիտանիայում ցույցի դուրս կգան առնվազն 100 հազար քաղաքացիական​ ծառայողներ. սա պետական ​​հատվածի խոշորագույն գործադուլը կդառնա երկար տարիների ընթացքում:

Գործադուլը կիրականացնեն 123 կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ բազմաթիվ նախարարություններից, կառավարական ​​գերատեսչություններից, գործակալություններից և վարչություններից: Ցույցեր կկազմակերպեն նաև տրանսպորտի ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես՝ մեքենավարներ ASLEF արհմիությունից և RMT արհմիության անդամներ՝ 14 երկաթուղային ընկերություններից: Տրանսպորտի ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաներին Լոնդոնում կաջակցեն ավտոբուսների շուրջ 1900 վարորդներ։

Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք է դիտվում ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, փաստաբաններ, օդանավակայանների աշխատակիցներ, փոստատարներ և այլ ոլորտների աշխատողներ։

Share