Տնտեսական

Հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թվականների ծրագիրը

Հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որի նպատակն է կարգավորել ոլորտում ծառացած տարբեր բնույթի խնդիրները, իրականացնել բարեփոխումներ, ինչի արդյունքում կապահովվի արդյունավետ ու կայուն զարգացում: Հիմնավորման համաձայն՝ հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը հադիսանում է երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ։ 2020 թ.-ին ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի քան 2017 թ.-ին։ Ոլորտը, 2021 թվականին ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարևոր ճյուղ է հանդիսանում։

Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին, վիճակագրական վերլուծությունները և արտադրական ընկերությունների հետ հարցազրույցները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի և երկրի սոցիալական կյանքում դրա կարևոր դերի մասին։ 2020 թ.-ին ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են եղել։ Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձևավորվել են խոշոր արտադրողներ և հայտնի ապրանքանիշեր։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝ ի տարբերություն 2017 թ. 8 ընկերությունների։ Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 և 2020 թվականների արտահանման անկմանը (20 տոկոս), այնուամենայնիվ, Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40 տոկոս։ 2020 թ.-ին hագուստ և հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից և պարագաներից խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69 տոկս, իսկ տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ խմբի արտադրատեսակները՝ շուրջ 25 տոկոս:

Ծրագրով որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետևանք սահմանվել է 6 արդյունք՝ տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը, տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների, տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների, 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը, ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալին:

Ծրագրի շրջանակում աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբերի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող, տեքստիլ ոլորտի բոլոր, սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ և տեքստիլ այն ընկերությունները, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

Share