Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը վարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանը: Նիստին քննարկվեցին Հանձնաժողովի հետագա գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև քննարկվեց «Մարս» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳԻ» ՓԲԸ-ի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի ընդունման նպատակահարմարությունը:

Նախատեսվում է, որ «Մարս» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳԻ» ՓԲԸ-ի տարածքներում ազատ տնտեսական գոտին կունենա բարձր տեխնոլոգիական, գիտատար և նորարարական արտադրական ուղղվածություն, մասնավորապես` էլեկտրոնիկայի, ճշգրիտ սարքաշինության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի և այլ բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտներում:

Տ. Դավթյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար անհրաժեշտ իրավականդաշտն արդեն ապահովված է, և հավելելեց, որ գոտիները հիմնականում ձևավորվելու են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Նախարարը նաև նշեց, որ ազատ գոտիներում ներգրավված հեղինակավոր ընկերությունների արտադրանքը պետք է ունենա արտահանման ուղղվածություն: 

Նշենք, որ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

Ս.թ. մայիսի 25-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել էր  «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, իսկ հոկտեմբերի 13-ին` օրենքից բխող մի շարք կարգավորող իրավական ակտեր: Համապատասխան իրավական դաշտի ապահովումը հնարավորություն է տալիս սկսել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացը:

Ազատ տնտեսական գոտիներում աշխատանքները համակարգելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ս.թ. դեկտեմբերի 23-ին ստեղծվել է մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացվող հայտերի գնահատման աշխատանքների և ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվությունների տրամադրման գործընթացի կազմակերպումը: Գնահատման արդյունքների հիման վրա Հանձնաժողովը ՀՀ կառավարություն է ներկայացնում եզրակացություն: Կառավարությունը եզրակացության արդյունքների հիման վրա որոշում է ընդունում հայտը բավարարելու նպատակահարմարության վերաբերյալ:

Share