Տնտեսական

ԵԱՏՀ-ն կկրճատի որոշ ապրանքների ներկրման և արտահանման թույլտվությունների ձևակերպման ծախսերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) միասնականացնում է մի շարք ապրանքների ներկրման և արտահանման թույլտվությունների ձևակերպման կանոնները։ Հանձնաժողովն այս որոշման նախագծի մշակումը նախաձեռնել է, այդ թվում՝ գործարար ընկերակցությունների դիմումների հիման վրա, ասված է ԵԱՏՀ առևտրային բլոկի հայտարարության մեջ։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան թույլտվության փաստաթղթերում նշանակման կամ առաքման երկրի վերաբերյալ տեղեկատվության լրացման կարգի միասնականացման մասին որոշում է ընդունել մի շարք այնպիսի ապրանքների համար, որոնց նկատմամբ արտաքին առևտրի բնագավառում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ», – ասված է հաղորդագրության մեջ։ Դրա շնորհիվ մաքսային մարմինները հնարավորություն կունենան փաստաթղթի համապատասխան տողում նշել միանգամից մի քանի երկիր։

«Ընդունված փոփոխությունները թույլ կտան մի քանի երկրների հասցեներով ներկրման (արտահանման, տարանցման) համար ձևակերպել մեկ եզրակացություն՝ համաձայն արտաքին առևտրի պայմանագրի, ինչը կօգնի կրճատել արտաքին առևտրի մասնակիցների ժամանակի և նյութական ծախսերը», – պարզաբանել է ԵԱՏՀ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Բացի այդ, Ղազարյանի խոսքով՝ կնվազեցվի միության անդամ պետությունների լիազոր մարմինների ծանրաբեռնվածությունը, քանի որ կվերանա մեկ պայմանագրի շրջանակներում տեղափոխվող ապրանքների վերաբերյալ առանձին փաստաթղթեր ձևակերպելու անհրաժեշտությունը երկրներից յուրաքանչյուրի համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օր լրանալուց հետո: Միաժամանակ, ինչպես ասված է ԵԱՏՀ առևտրային բլոկի հաղորդագրության մեջ, ԵԱՏՀ կոլեգիան մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել է առանձին տեսակի բեռնարկղերի նկատմամբ ներկրման զրոյական մաքսատուրքի գործողության ժամկետը:

Share