Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 109%

Բելառուսի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի արդյունքներով այս երկրում տարեկան գնաճը հասել է ռեկորդային մակարդակի` 109%:

Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալների` 2011 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, Բելառուսում սպառողական գների ինդեքսը կազմել է 208,7%, միայն պարենային գների ինդեքսը` 225%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 249,4%:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին Բելառուսի Ազգային բանկը ազգային արժույթը ենթարկել էր դևալվացիայի: Այդ քայլն ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանն ու ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել էր նաև որոշ ապրանքների արտահանումը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով Բելառուսը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր մի շարք կառույցների:

Share