ԼՈՒՅՍ հիմնադրամն անդրադարցել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։
Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։ Ինչ վերաբերում է 3 միավորով նվազմանը, ապա այս նվազումն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։ Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողությունները հանրության շրջանում թերահավատություն են առաջացնում, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (ԿԸԻ-ի) նվազման։
Թեև նախորդ 3 տարիներին, այդ թվում` 2022թ. Հայաստանի ԿԸԻ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից (որը, ինչպես և անցյալ տարի, հավասար է 43-ի), սակայն միաժամանակ այն ցածր է ԿԸԻ-ի այն շեմային արժեքից (50), որից ցածր ԿԸԻ ունեցող երկրներում կոռուպցիան առավել հաճախ է հանդիսանում լուրջ հիմնահարց։
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ 2022-ին 2021-ի համեմատ 4 միավորով նվազել է ԿԸԻ-ի ենթաինդեքսներից VDEM-ը (Ժողովրդավարության բազմազանության ծրագիր), այն 2021-ին ևս նվազել էր 4 միավորով։ Հետընթացը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը վերաբերում է ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության ակտիվության ասպարեզում երկրի առաջընթացին և արտացոլում է իշխանության տարբեր ճյուղերում (գործադիր, օրենսդիր և դատական) քաղաքական կոռուպցիայի առկայությունը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3YBOFrJ