Բաժին. Տնտեսական

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ

Այսօր`  հունվարի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը սկսվել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի  հետ կապված խնդիրների քննարկումով: ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ  կառավարության նախաձեռնությամբ ձևավորվել են մոնիտորինգային խմբեր, որոնք պարբերաբար ստուգումներ են իրականացնում տարբեր ոլորտում և գնահատում մատուցվող ծառայությունների որակը:  Ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը` հերթական մոնիտորինգը պարզել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել Կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև ձեռնարկությունների գրանցման ու անձնագրերի տրամադրման ոլորտներում:

Միևնույն ժամանակ,  վարչապետն նշել է, որ վերջին շրջանում բողոքներ են ստացվել ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների գծով, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: «Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն», – իր խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ առաջիկայում  այլ ոլորտներում նույնպես իրականացվելու է մոնիտորինգ:

Share