Տնտեսական

Հունգարիան նախատեսում է մինչև տարեվերջ սկսել Ադրբեջանից գազի ներկրումը

Հունգարիան նախատեսում է տարեվերջին սկսել ադրբեջանական գազի ներկրումը: Խոսքը տարեկան 1-2 միլիարդ խորանարդ մետրի մասին է:

«Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք ստանալ մոտ 100 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական բնական գազ»,- օրեր առաջ ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Բուդապեշտի և Բաքվի միջև երկարաժամկետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 1-2 միլիարդ խորանարդ մետրի մատակարարման վերաբերյալ։

Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ դրա համար կպահանջվի մեծացնել գազատարների թողունակությունը տարածաշրջանում, իսկ Հունգարիան հույսը դնում է Եվրամիության ֆինանսական օգնության վրա։

«Եթե Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացմանը և նոր աղբյուրների օգտագործմանը, ապա նա պետք է ռեսուրսներ տրամադրի Հարավարևելյան Եվրոպայում ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ տրանսպորտի, առողջապահության, կառավարման ոլորտում գործող հունգարական ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի այն շրջանների վերականգնմանը, որոնք տուժել են պատերազմի արդյունքում:

Share