Բաժին. Տնտեսական

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ` ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության տվյալների` աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում: Այսպես, 2011թ. դեկտեմբերի 29-ին Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, որի արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ:  Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշենք, որ Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք:

Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:

Share