Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու գինը համաշխարհային շուկայում աճել է և հինգ առևտրային շրջանների արդյունքում ապահովելով 1.74% աճ` կազմել 1666.19 ԱՄՆ դոլար` մեկ ունցիայի դիմաց: Նման աճն, ըստ Forex Club-ի վերլուծաբանների, պայմանավորվել է Չինաստանի և Եվրագոտու բարենպաստ մակրոտնտեսական ցուցանիշներով, որոնք գերազանցել են շուկայի մասնակիցների սպասումները: Կանխատեսվում է, որ ընթացիկ շաբաթվա հինգ առևտրային օրերին համաշխարհային շուկայում ոսկու գինը, ասիական շուկաների պասիվությամբ պայմանավորված, կգրանցի անկում (ասիական մի շարք բորսաներ, Նոր տարվա տոների կապակցությամբ, ընթացիկ աշխատանքային շաբաթվա առաջին երկու օրը չեն աշխատի): Ըստ այդմ, ոսկու գինն առաջիկա այս մեկ շաբաթվա ընթացքում կտատանվի մեկ ունցիայի դիմաց 1625.0 ԱՄՆ դոլար մակարդակում:

Միևնույն ժամանակ, նախորդ շաբաթ պղնձի գինը համաշխարհային շուկայում աճել է 2.6%-ով և կազմել 3,7445 ԱՄՆ դոլար` մեկ ֆունտի դիմաց: Forex Club-ի դիտարկմամբ` առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում, ԱՄՆ տնտեսության և եվրոպական մի շարք երկրների մակրոտնտեսական ցուցանիշներով պայմանավորված, պղնձի գինը համաշխարհային շուկայում կտատանվի մեկ ֆունտի դիմաց 3,60 -3,90 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Share